Ինձ համար հաճելիորեն զարմանալի էր, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գիտելիքի օրը հիշարժան ու հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվել էր ճամփորդություններ, բարձունքի հաղթահարում տարբեր ուղղություններով․․․Ես ընտրել էի Արագածի վերելքը․․․

Առավոտյան ժամը 09:00-ին հավաքվել էինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում՝ այնտեղից ճանապարհվելու դեպի Արագած։ Ճանապարհը խորդուբորդ էր, բայց միաժամանակ շատ գեղեցիկ, այն ուղղորդվում էր բարձր տրամադրությամբ, միմյանց հետ զրուցում էինք, երգեր լսում, պատմում տարբեր զվարճալի պատմություններ՝ մեզ հետ տարբեր տարիների ընթացքում տեղի ունեցած։ 1 ժամ 40 րոպե տևած ճանապարհն այնքան հետաքրքիր ու արագ անցավ, որ չզգացինք, թե ինչպես տեղ հասանք։ Երբ իջանք ավտոբուսից, մեր դիմաց բացվեց մի հիանալի տեսարան՝ հայտնի Քարի լիճը։ Նախ հիացանք գեղեցիկ տեսարանով, նկարվեցինք, լճի սիրուն տեսարանի ներքո շուրջպար բռնեցինք և երգի ուսուցչուհու՝ ընկեր Աննայի հետ միասին երգեցինք ու  պարեցինք։

Պարերգով ոգևորված՝ սկսեցինք վերելքը, մեր ճանապարհը գնալով բարդանում էր, ավելի քարքարոտ էր դառնում, իսկ մենք զգուշորեն առաջ էինք շարժվում, երբ հոգնում էինք, մի փոքր կանգ էինք առնում, սնվում, հանգստանում ու նոր շարունակում ճանապարհը։ Վերջապես հասանք հարավային գագաթ՝ հիանալի տեսարան, զով քամի, նոր սեբաստացիների մկրտություն․․․Արագածի գագաթին  մենք զրուցեցինք մեզ հետաքրքրող թեմաներից, քննարկեցինք տարբեր թեմաներ, կտրվեցինք առօրյա խնդիրներից, շնչեցինք մաքուր ու թարմացնող օդ, հիացանք  աննկարագրելի բնության գեղեցկությանբ։ Որոշ ժամանակ  անց սկսեցինք միմյանց օգնելով իջնել սարից, քանի որ իջնելն ավելի դժվար ու վտանգավոր էր։ Իջնելիս էլ էինք կանգ առնում, հանգտանում, հետո նոր շարունակում մեր վայրէջքը։ 

Հետաքրքիր ճամփորդություն էր, նոր ծանոթություններ, նոր ընկերություն, երբեք չմոռացվող սեպտեմբերի մեկ․․․Ահա, թե ինչպես սկսվեց մեր նոր ուսումնական տարին։